Posted in Վերապատրաստում, Uncategorized

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝ Բռնադատվածներ․ մերօրյա ուսումնասիրություններ

Հեղինակ՝ Արմեն Ոսկանյան

Դասավանդած առարկա՝ Պատմություն, հասարակագիտություն

Խորհրդատու՝ Վարդան Կարապետյան

2023 թ

ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐ ՄԵՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ԳԼՈՒԽ        Ա        ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐ՝ ՄԵՐՕՐՅԱ

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳԼՈՒԽ        Բ        «ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐ» ՆԱԽԱԳԻԾԸ Մ ՍԵԲԱՍՏԱՑԻ

ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

ԳԼՈՒԽ        Գ        ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԳՈՐԾԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ

ՍԵՓԱԿԱՆ  ՓՈՐՁԻՑ

ՎԵՐՋԱԲԱՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հայ ժողովրդի բազմադարյան պատմության նորագույն շրջանի իրադարձությունները՝ խորհրդային ժամանակահատված, շարունակում են մնալ ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում։ Խորհրդային անցյալի վերաբերյալ մոտեցումները շատ առումներով կարող են ցուցադրել պետության վերաբերմունքը ավտորիտարիզմի, բռնության մշակույթի, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների նկատմամբ եւ ինչպիսի սկզբունքների վրա է խարսխված երկրի քաղաքական ներկան: Հայաստանի խորհրդային անցյալի վերաբերյալ մինչհեղափոխական եւ հետհեղափոխական հայաստանյան իշխող քաղաքական վերնախավերի շրջանում տարածված մոտեցումների ուսումնասիրությունը կարող է օգնել հասկանալ, թե որտե՞ղ է Հայաստանը գտնվել երեկ եւ որտե՞ղ է այն այսօր։[1]

Բռնությունները, ռեպրեսիաները և դասակարգային թշնամուն, սոցիալիզմի ու կոմունիզմի տեսլականներին ու քաղաքականությանը ընդդիմացողներին վերացնելու ընթացքը բխում էր ոչ թե ԽՄԿԿ առանձին ղեկավար գործիչների ցանկությունից, անձնական խառնվածքից, քմահաճույքից, այլ լենինյան ուսմունքից, բոլշևիկյան կուսակցության գաղափարական, ծրագրային հիմնադրույթներից, որը նպատակ էր դրել բռնության գործադրման միջոցով քանդել հին աշխարհը և հիմնել կոմունիստական հավասարություն ու արդարություն ենթադրող նոր աշխարհ։ Այս նպատակին հասնելու համար  բռնությունների միջոցով պետք է վերացվեին բոլոր խոչընդոտները: Ահա այս կանխադրույթի հիման վրա էլ հեղվեց միլիոնավոր, հիմնականում՝ անմեղ մարդկանց արյունը:[2]

1994թ․ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունեց Օրենք «Բռնադատվածների մասին», որի 1-ին հոդվածով սահմանվեց ով է հանդիսանում բռնադատված․ Հոդված 1. Բռնադատված է համարվում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին ԽՍՀՄ այն քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը կամ օտարերկրյա քաղաքացին, որը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում (սկսած 1920 թվականի նոյեմբերի 29-ից) նախկին ԽՍՀՄ-ի տարածքում քաղաքական շարժառիթներով`

ա) դատապարտվել է 1961 թվականի ՀՍՍՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ 65, 67, 69, ինչպես նաև 206/1 հոդվածներով կամ 1927 թվականի ՀՍՍՌ քրեական օրենսգրքի նույն բովանդակությամբ հոդվածներով կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածներով, քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ սահմանափակելու նպատակ հետապնդող այլ հոդվածներով և հետագայում արդարացվել է.

բ) քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով.

գ) անօրինական կարգով ենթարկվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցների.

դ) արտաքսվել է նախկին ԽՍՀՄ տարածքից կամ զրկվել քաղաքացիությունից.

ե) աքսորվել կամ արտաքսվել է որպես բռնադատվածի ընտանիքի անդամ:[3]

Բռնադատվածների մասին օրենքի ընդունումը լուրջ առաջընթաց էր, սակայն բազմաթիվ պատճառներով բռնադատվածների բազմաթիվ խնդիրները մնացին անլուծելի։ Անձամբ ականատես եմ եղել «Բռնադատվածի վկայական» ստանալու համար ԱԱԾ ընդունարանում ժամերով հերթի կանգնած տասնյակ ծերունազարդ բռնադատվածների, որոնց համար նույնիսկ ծանր էր, այդ հաստատության պատերից ներս հայտնվելը։

Խորհրդային ժամանակահատվածում կարևորագույն տեղ զբաղեցնող բռնաճնշումների վերաբերյալ հետազոտությունները Հայաստանում սակավաթիվ են։ Նույնիսկ բռանդատվածների թիվը մոտավոր է հայտնի, չկան ուսումնասիրություններ խորհրդային մյուս հանրապետություններում հայերի նկատմամբ իրականացված բռնաճնշումների վերաբերյալ։

1988թ․ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած բնակչության խնդիրները, ղարաբաղյան հակամարտությամբ պայմանավորված հայ-ադրբեջանական սրված հարաբերությունները այնուհետև պատերազմը, Հայաստանում միմյանց հաջորդող պարետային ռեժիմները, 1988-92թթ շարունակվող ադրբեջանահայ փախստականների հոսքը Հայաստան, Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից շարունակվող շրջափակումը, էներգետիկ ճգնաժամը, տնտեսության քայքայումը Հայաստանում օբյեկտիվորեն երկրորդական ու երրորդական դարձրին ԽՍՀՄ քաղաքական բռնությունների վերաբերյալ քննարկումները[4]։ 1990-ական թթ․ կային նաև տեխնիկական դժվարություններ։ Համարյա անհնարին էր աշխատել արխիվների և գրադարանների չջեռուցվող շենքերում։

Հրապարակվեց հսկայածավալ նյութ, սակայն դրանցում հիմնականում բացակայում է «հայկական հետքը», ինչը պայմանավորված է նաև վերը հիշատակված հանգամանքներով։ Այս առումով բավական բարդ է դառնում ԽՍՀՄ քաղաքական բռնություններում «հայկական թեման» հետազոտողների խնդիրը։ Անհրաժեշտություն է առաջանում քաղաքական բռնությունների «հայկական մասն» ինտեգրել ընդհանուրի համատեքստում, իսկ մյուս կողմից նաև՝ ընդհանուրի մեջ մասնավորեցնել «հայկական առանձնահատկությունները»[5]։

Հարկ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ԽՍՀՄ փլուզումով հնարավորություն էր առաջացել ավելի ազատորեն անդրադառնալ Հայոց Ցեղասպանության թեմային, որը խորհրդահայ պատմագրության մեջ բարձրաձայնվել էր զգալի զգուշավորությամբ։ 1990-ականներին Ցեղասպանության ու Լեռնային Ղարաբաղի թեմաներն այնքան գերակա էին, որ մնացած հարցերը դառնում էին ոչ էական։

Մեր երկրի պատմության խորհրդային բռնաճնշումների էջի չբացահայտվածությունը նորանոր խնդիրներ է դնում Հայաստանի Հանրապետության առաջ՝ թե քաղաքական կողմնորոշումների, կառավարման, թե հանրային վարքի իմաստով։

Գլուխ Ա       ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ, ՄԵՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում ստալինյան բռնաճնշումներն առավել թափ առան 20-րդ դարի 30-ական թվականների երկրորդ կեսին և 1949 թվականի հունիսի 14-ին։ Այդ ողբերգական օրը մեր հազարավոր հայրենակիցներ՝ ավելի քան 12 հազար հոգի, առանց դատ ու դատաստանի, բռնադատվեցին ու աքսորվեցին Ալթայի երկրամաս։ Հիսուն տարի անց՝ 1999 թվականի հունիսի 14-ին, Երևանում առաջին անգամ նշվեց Հայաստանի բռնադատվածների հիշատակի օրը։ 2008 թվականի դեկտեմբերի 3-ին Երևանում բացվեց խորհրդային տարիներին Բռնադատվածների հուշահամալիրը՝ Ազատության պողոտայի սկզբնամասում, Կասկադի վերին հարթակում (որտեղ նախկինում գտնվում էր Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակին նվիրված հուշահամալիրը), որպես վկայություն անցյալի ամոթալի պատմության և որպես առհավատչյա՝ այդ պատմությունը երբևէ չկրկնելու վճռականության։[6]

Խորհրդային ժամանակաշրջանում տեղի ունեցած բռնությունները խորհրդային պատմագրությունը կապում էր Ի․ Ստալինի անվան հետ։ Տասնյակ տարիներ, հատկապես ԽՄԿԿ 20-րդ համագումարում «Անհատի պաշտամունքի» դատապարտումից հետո, ընդունված տեսակետ էր, որ իրականացված բռբաճնշումները Ստալինի և նրա կամակատարների գործունեության հետևանք էին և պայմանավորված էին Հիմնականում Ստալինի անձով, նրա դաժան բնավորությամբ, ծայրահեղ կասկածամտությամբ, վերջինիս կամակատարների սադիստական հակվածություններով, երկրի տարբեր մասերում տեղի ունեցած   ՉԵԿԱ-ի[7] ու ՆԳԺԿ[8] մարմինների աշխատակիցների չարաշահումներով։

Մինչև այժմ չկան համահավաք ու վստահություն ներշնչող տեղեկություններ ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ Խորհրդային Հայաստանում տարբեր ձևերով բռնաճնշումների ենթարկվածների թվաքանակի վերաբերյալ: Այն ամենը, ինչը հրապարակի վրա է, պարզապես մոտավոր տվյալներ են: Նախկինում բռնաճնշումների թեմայով ուսումնասիրություն կատարելն անհնար էր, որովհետև քաղաքական և այլ նկատառումներով արխիվների համապատասխան ֆոնդերը անհասանելի կամ պարզապես փակ էին: Վերջին մեկ-երկու տասնամյակում բացված ու գաղտնազերծված արխիվներում աշխատելու դժվարություններից մեկն այն է, որ բռնադատվածների վերաբերյալ եղած նյութերը գտնվել են Արտակարգ հանձնաժողովի (Չեկա), ՊՔՎ-ի, ՆԳԺԿ-ի, Գերագույն դատարանի և այլ գերատեսչությունների գործերում։ Դրանք ցրված են ըստ ձերբակալության, հարցաքննությունների, դատավարության, բանտարկության, աքսորի ու գնդակահարության վերաբերյալ վճիռների, որովհետև տեղի են ունեցել բանտարկյալների ու աքսորյալների շարունակական տեղաշարժեր: Կան մեղադրական գործեր, որոնք կազմվել են մի գերատեսչությունում, սակայն դատավարությունն ու դատավճիռը կայացվել են ոչ միայն այլ գերատեսչությունում, այլև Մոսկվայում կամ այլ հանրապետությունում: Բացի այդ` մեղադրական եզրակացություններում ու դատավճիռներում հստակ սահմանազատում չկա՝ արդյոք տվյալ դատապարտյալը քաղաքական հոդվածներո՞վ է դատված, թե՞, ասենք, լրտեսության, պետական սահմանի խախտման, բանդիտիզմի (ավազակության), որովհետև աքսորավայրերում քաղաքական և քրեական կալանավորները չեն տարբերակվել: Չեն բացառվում նաև դեպքեր, երբ առանց ձերբակալությունների ու մեղադրանք ներկայացնելու` հանցանքի վայրում կամ պարզապես փողոցում կատարվել են մարդկանց գնդակահարություններ: Այդպիսի գործողությունների ավելի հաճախակի դիմել է խորհրդային չեկան: Այս ամենը նշանակում է, որ շատ դժվար կլինի ճիշտ հաշվարկել ու ստույգ տվյալներ հրապարակել քաղաքական բռնաճնշումների ծավալների վերաբերյալ:[9]

Միևնուն ժամանակ բռնադատվածների մասին ընտանեկան պատմությունները խոր հետք են թողել հայ ժողովրդի նորագույն պատմության ընթացքում, ձևավորելով որոշակի հասարակական գիտակցություն։ ԽՍՀՄ «Վերակառուցման և հրապարակայնության» ժամանակաշրջանում բռնադատվածների թեման սկսեց շոշափվել հրապարակախոսական հանդեսներում, կինոյում, գրականության մեջ, սակայն Հայաստանում այն նույն հնչեղությունը չստացավ և «հայկակակնության» թեման համարյա դուրս մնաց միութենական քննարկումներից։ Օրինակ Վ․ Պետրոսյանի «Մենավոր ընկուզենին» վիպակի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմում շոշափվում էր բռնաճնշումների թեման և պատասխանատվության խնդիրը՝ արգելել մատնիչին թաղել զոհերի հարևանությամբ,  սակայն այն չստացավ այնպիսի հնչեղություն՝ ինչպիսին Թ․ Աբուլաձեի «Զղջումը»։ Միևնույն ժամանակ հայ իրականության մեջ բռնաճնշումների վերաբերյալ արծարծումները ստվերվում էին Հայոց Ցեղասպանության թեմայով։ Նույնիսկ Ղարաբաղյան շարժման ընթացքում բազմահազար ցույցերում Ղարաբաղին ավելի քիչ պաստառներ էին նվիրված, քան ցեղասպանությանն ընդհանրապես։ Այսպես, 1988թ շարժման ընթացքում մոտ 1000 պաստառներից ցեղասպանության թեման կամ հենց բառն առկա էր 370 պաստառներում, մինչդեռ Ղարաբաղինը՝ 99-ում[10]։

Հարկ է նշել, որ ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո «Բռնադատվածների» թեման բավական արդիական էր հետխորհրդային ողջ տարածքում։ Ամեն տարի հոկտեմբերի 29-ին, (Բռնադատվածների հիշատակի օրը պաշտոնապես ընդունվել է ՌԽՍՖՀ Գերագույն խորհրդի կողմից 1991թ-ին) Մոսկվայի Սոլովեցկի քարի մոտ, ինչպես նաև Ռուսաստանի այլ քաղաքներում, «Мемориал» միության կողմից անց էր կացվում «Անունների վերադարձ» ակցիան, որի ընթացքում մարդիկ հերթով կարդում են բռնաճնշումների տարիներին զոհվածների անունները։ Ակցիային կարող են մասնակցել բոլորը։ Նրանցից յուրաքանչյուրին առաջարկվում է կարդալ մի քանի անուններից կազմված ցանկ (բռնաճնշման ենթարկվածի ազգանունը, անունը, հայրանունը, տարիքը զոհվելու պահին, աշխատանքի վայրն ու գնդակահարության ամսաթիվը), մոմ վառել և ծաղիկներ դնել։ «Անունների վերադարձ» ակցիան առաջին անգամ անց է կացվել 2007 թվականին։ 2022թ ակցիան անցկացվեց նաև Հայաստանում։ Ներկայումս «Мемориал» միության գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում արգելված է։

2014 թվականից Ռուսաստանում գործում է «Վերջին հասցե» («Последний адрес») նախաձեռնությունը[11]՝ ուղղված Խորհրդային Միությունում քաղաքական բռնաճնշումների զոհ դարձած մարդկանց հիշատակի հավերժացմանը։ Այդ նպատակով այն տան պատին, որտեղ ապրել է բռնաճնշման զոհը, տեղադրվում է ձեռքի ափի չափով հուշատախտակ՝ նվիրված միայն մեկ մարդու։ Նախագծի սկզբունքն է՝ «Մեկ անուն, մեկ կյանք, մեկ նշան»։

2015 թվականին սկիզբ է առել «Անմահ զորանոց» («Бессмертный барак») ինտերնետային նախագիծը[12], որի կայքում յուրաքանչյուր ցանկացող կարող է թողնել տեղեկություններ բռնաճնշումների ենթարկված իր հարազատի մասին։ Ներկայումս Ռուսաստանում տեղի է ունենում խորհրդային ժամանակաշրջանի պատմության, Ստալինի դերակատարության վերագնահատում և փոփոխվում են մոտեցումները։ Քննադատության են արժանանում և անարժանահավատ համարվում քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ նախկինում հրապարակված թվերը (նկատվում է նվազեցման, զոհերի՝ անգամ արդարացված մեղավորության հայտնաբերում և այլն)։  

Հայաստանում 1994թ ընդունվել է «Բռնադատվածների մասին» Օրենք, ընդունվել են որոշումներ բռնադատվածների իրավունքների վերականգնման, որոշակի արտոնություններ հատկացնելու մասին, որոնց մի մասն այլևս չի գործում, առաջացնելով զոհերի և նրանց հարազատների դժգոհությունը։ Որոշակի ուսումնասիրություններ են կատարվել, սակայն դրանց հիմնական արդյունքն այն է, որ առաջացրել են նորանոր հարցեր և ուսումնասիրության թեմաներ։ Անգամ համամատաբար վերջին 1949թ մայիսի 29-ին ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշմամբ (տես՝ Հավելված Ա) իրականացված հայերի զանգվածային աքսորի մասին տեղեկությունները ստույգ չեն[13]։ Հայերի 1949թ աքսորի մասին հրապարակվել է փաստաթղթերի և նյութերի ժողովածու, ուր ներկայացված են հարյուրավոր որոշումներ ու հրամաններ, ուսումնասիրություններ, ինչպես նաև բռնադատվածների հիշողությունները[14]։ Այս ժողովածուն ևս լիարժեք պատկեր չի ապահովում։

 2012 թվականին «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ գերմանական հասարակական կազմակերպության (Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտ) հետ համատեղ սկսեց Հայաստանում ԽՍՀՄ ամբողջատիրության շրջանի քաղաքական բռնաճնշումների դրսևորումների և դրանց հասարակական ներկա ընկալումների բացահայտմանն ուղղված մի ծրագիր՝ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի ֆինանսական օժանդակությամբ: Ծրագիրն ուղղված է Խորհրդային Հայաստանի բնակչության մեջ ամբողջատիրության սոցիալ-մշակութային և սոցիալ-հոգեբանական դրսևորումների, խորհրդային առօրյայի ձևավորման գործընթացի վերհանմանը, և նպատակ է հետապնդում հետազոտության արդյունքների հանրայնացման միջոցով նպաստել բռնատիրական համակարգի թողած հետևանքների բացահայտմանը և մեղմմանը:

Ծրագիրը կոչվում է «Armenia total(itar)is» (Ամբողջ(ատիր)ական Հայաստան): «Total(itar)is» եզրով փորձ է արվում ընդգծել, որ ուսումնասիրության առարկա են դառնում «ամբողջատիրության» դրսևորումներն ու «ամբողջատիրական» ժամանակաշրջանի խնդիրներն «ամբողջ» Հայաստանում՝ իր տարբեր առօրյա ոլորտներում: Ծրագիրը հիմնված է բանավոր պատմության մեթոդաբանության վրա, որի դեպքում հետազոտության հիմնական աղբյուրը մարդիկ են՝ իրենց ապրած կյանքով, լինեն նրանք ամբողջատիրական ժամանակաշրջանի ուղղակի կամ անուղղակի զոհերը, թե նրանց ժառանգները[15]:

Վերջին շրջանում Խորհրդային Հայաստանում տեղի ունեցած բռնաճնշումների ուղղվածության, հասարակական շերտերի թիրախավորման, բնակչության առօրյային դրանց ազդեցության, բռնաճնշումների պատճառների ու մեղավորության խնդիրների նկատմամբ հանրային գնահատականների և ընկալումների, բռնությունների դերակատարների ու զոհերի հուշարձանացման խնդիրների ուսումնասիրության արդյունքում կազմվել է «Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում․ պատմություն, հիշողություն, առօրյա» աշխատությունը։ Տեղի են ունեցել ժամանակավոր ցուցադրություններ[16] ՀՀ Խ Ապոր մանկական գրադարանում, Հայաստանի պատմության պետական թանգարանում։ Ամեն տարի հունիսի 14-ին (2006թ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով սահմանվել է որպես Բռնադատվածների հիշատակի օր)  բացվում է «Ի հիշատակ հայ բռնադատված զոհերի» հուշահամալիրը Երևանում։ Հուշահամալիր են այցելում հիմնականում բռնադատվածներ և նրանց հարազատներ, հասարակական կազմակերպությունները և որոշ լրատվամիջոցներ անդրադառնում են թեմային և դրանով սահմանափակվում է հիշատակությունը։

ԳԼՈՒԽ        Բ        «ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐ» ՆԱԽԱԳԻԾԸ Մ ՍԵԲԱՍՏԱՑԻ

ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

          Հայոց պատմության 20-րդ դարի երկու մեծագույն ողբերգություններից մեկը` խորհրդային բռնատիրության պետական ահաբեկչությունը, որը 20–40— ական թվականներին ուներ ցեղասպանական դրսևորումներ, կրթական (նաև` ընդհանրապես քաղաքացիական) ոլորտում մնացել է ստվերում: Այնինչ նրա սոցիալական, հոգեբանական, բարոյական հետևանքներն այսօր էլ իրենց զգացնել են տալիս: Բացի դրանից ամբողջատիրության էության և մեխանիզմների իմացությունը, հակաամբողջատիրական մտածողությունն ու ամբողջատիրական նույնիսկ փոքր դրսևորումների դեմ պայքարելու պատրաստակամությունը, նրա վերադարձի կանխման գրավականներից  են։

          2017թ օգոստոսին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեց «Բռնադատվածներ նախագիծը (հեղինակ՝ Աշոտ Տիգրանյան), որի նպատակն էր  Արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությամբ, բռնադատվածների ժառանգների և ականատեսների հետ հարցազրույցների, հակախորհրդային պայքարի վայրերով անցկացվող գիտարշավների միջոցով ամրապնդել սովորողների քաղաքացիական դիրքորոշումը հանուն ժողովրդավար և  իրավական պետության, ինչպես նաև նպաստել ժողովրդի և անհատի պատմական հիշողության վերականգնմանը[17]։

Նախագծի խնդիրն էր զարգացնել Կրթահամալիրի սովորողների (նախագծի մասնակից) հետազոտական, համագործակցային և ապրումակցային կարողությունները, ինչպես նաև պարբերաբար հիշեցնել անցյալի դասերը։

     Նախագծում ընդգրկվել են Կրթահամալիրի Միջին և Ավագ դպրոցի սովորողնե, ինչպես նաև այդ հիմնախնդրի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականներ ու հասարակական կազմակերպություններ։

     Նախագծի գործընկերն էին ՀՀ Ազգային արխիվը, Կապանի երկրագիտական թանգարանը, ՌԴ Ալթայի երկրամասի, Տոպչիխինսկիի շրջանի երկրագիտական թանգարանը, http://armeniatotalitaris.am կայքէջի աշխատակազմը (կայքէջը ներկայումս չի գործում)։

     Նախագծի կայքէջի «Հրապարակումներ» բաժնում տեղադրված են սովորողների կողմից պատրաստված հարյուրավոր նյութեր, հարցազրույցների տեսագրություններ, հետազոտական ճամփորդությունների, գիտական հաստատություններում տեղի ունեցած հանդիպումների, կոնֆերանսների, սեմինարների այցելությունների բազմաթիվ լուսաբանումներ։ Նախագծում առաջին անգամ հայերեն են թարգմանվել հայերի բռնադատմանն ուղղված խորհրդային փաստաթղթեր, որոնց ուսումնասիրությունը կարևոր է ընթերցողի համար, որպես ժամանակի պետական ոչ իրավական գործունեության արգասիք։

     Նախագծի հրապարակումների շարքում արտացոլվել են սովորողների կողմից այնպիսի վիճահարույց ու հիմնովին չուսումնասիրված թեմաների արծարծում՝ ինչպիսիք են «Հայկական լեգիոն», ֆրանսիական դիմադրության շարժման հայ պարտիզանների գործունեությունը և ԽՍՀՄ-ում նրանց բռնադատումներն, արդեն ԽՍՀՄ-ում։ «Բռնադատվածներ» նախագծի արդյունքում ակնկալված արդյունքները հիմնականում իրականացվել են։ Նախագծի շրջանակներում իր գործունեությունն է շարունակում նաև ավելի վաղ մեկնարկված «Ամբողջատիրություն» նախագիծը, որի ծրջանակներում սովորողների կողմից իրականացվել են հետազոտական աշխատանքներ[18]։

ԳԼՈՒԽ        Գ        ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԳՈՐԾԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ

ՍԵՓԱԿԱՆ  ՓՈՐՁԻՑ

Հորական պապս՝ Տիգրան Եփրեմի Ոսկանյանը, 1930-ական թվականների բռնությունների հազարավոր զոհերից մեկն է: Ծնվել է 1896թ. Հայաստանի Վեդիի շրջանի Կարախաչ գյուղում, վաղ հասակում զրկվել է ծնողներից, իր հացը վաստակելով ծանր աշխատանքով: 1915-1918թթ. ծառայել է ցարական բանակում, 1918-1920թթ. դաշնակցական բանակում, 1920-21թթ. հայկական կարմիր բանակում, իսկ զորացրվելուց հետո՝ 1921-1926թթ. միլիցիայում: 1927թ.-ից աշխատանքի է անցել Երևանի քաղաքային խորհրդում: Տիգրան Ոսկանյանը մեկն է այն հազարավոր զոհերից, որոնք հայտնվել են բռնության ալիքի հարվածների տակ և այդ ալիքի փոթորկմանը նպաստել են ՆԳԺԿ հազարավոր գաղտնի աշխատակիցներ, գործակալներ, «հասարակ քաղաքացիներ», որոնք մատնություններով և զրպարտություններով փորձել են նաև անձնական խնդիրներ լուծել, թե ֆինանսական, թե պաշտոնական, թե բնակարանային, թե հոգեբանական՝ վախ սերմանելով շրջապատում և ըմբոշխնելով հասարակ ժողովրդից վեր լինելու «երանությունը»:

Տիգրան Ոսկանյանի ձերբակալման պատճառը նրա հետ ավելի քան երկու տարի գժտության մեջ գտնվող հարևանի մատնագիր-զրպարտագիրն էր՝ վերջինիս տրոցկիստ լինելու, Խանջյանի «ինքնասպանությունը» սպանություն համարելու, տանը մաուզեր պահելու, դաշնակցական ազգականների հետ կապ պահպանելու  վերաբերյալ: Հարևանը ոչ միայն վրեժ է լուծել, այլև փորձել է տիրանալ նրա բնակարանին: Նույն հարևանը համանման մեղադրանքներ էր առաջադրել նաև նույն շենքի մեկ այլ բնակչի ևս: Վերոհիշյալ «հարևանները», «գործընկերները», «ազգականները» գործիք են հանդիսացել անվտանգության մարմինների ձեռքում, որոնք խրախուսել են նման գործունեությունը, հաճախ խորամուխ չլինելով զրպարտությունների հավաստիության և նույնիսկ անտրամաբանական լինելու մեջ:

2000-ականների սկզբին լուր տարածվեց, որ ՀՀ Ազգային անվտանգության նախարարությունում պահվող «բռնադատվածների գործերը» փոխանցվում են Ազգային արխիվ և այդ նպատակով այդ գործերում որոշակի մաքրագործումներ են տեղի ունենում։ Օգտվելով այն հանգամանքից, որ այդ ժամանակ ծառայում էի ԱԱՆ-ում, դիմեցի ղեկավարությանը՝ պապիկիս գործին ծանոթանալու խնդրանքով։ Թույլտվություն ստանալովուսումնասիրեցի գործը և բազմաթիվ անհայտներ պարզվեցին իմ համար։ Ընտանեկան պատմություններից հայտնի էր, որ պապիկիս դատապարտել են 10 տարվա բանտարկության և նա այլևս չէր վերադարձել։ 1947թ․ տատիկիս տեղեկացրել էին, որ նա մահացել է բանտի հիվանդանոցում։ Իրականում նրան դատապարտել էին 5 տարվա բանտարկության և 1938թ գնդակահարել էին Վորկուտայի բանտում, բանտարկյալների ապստամբություն բարձրացնելու համար։ Պապիկիս ձերբակալելուց հետո Երևանից արտաքսել էին նաև նրա ընտանիքին և մինչև 1945թ․ տատիկս ստիպված երկու երեխաների հետ թափառել էր Հայաստանի տարբեր բնակավայրերում մերթ ընդ մերթ վերադառնալով Երևան։ Արխիվային գործում տեղեկություններ կային այն միակ անձնավորության մասին, որը հարցաքննության ժամանակ պնդել էր պապիկիս մեղադրանքի անհեթեթությունը և ձերբակալությունից հետո, մինչև տատիկիս արտաքսումը մի քանի անգամ այցելել էր նրան և դրամական ու նյութական օգնություն ցուցաբերել։ Ուրախալի էր, որ այդ ծանր ժամանակներում ևս գտնվել են Մարդիկ, որոնք համատարած վախի մթնոլորտում չեն երկնչել պաշտպանելու արդարությունը և ճշմարտությունը, օգնության ձեռք են մեկնել և սատարել հանիրավի դատապարտվածներին և նրանց ընտանիքներին:

Տարիներ անց մատնիչ հարևանը զղջացել է, շաբաթներով և ամիսներով ներողամտություն հայցել Տիգրան Ոսկանյանի, գուցե նաև իր այլ զոհերի ընտանիքներից և մահացել մեն-մենակ, լքված և մոռացված նույնիսկ իր հարազատների ու մերձավորների կողմից:

2013թ դիմեցի ՀՀ Ազգային արխիվ պապիկիս գործին ծանոթանալու խնդրանքով։ Ցանկանում էի տեսնել, որքանով է սրբագրվել գործը։ Ի զարմանս ինձ պարզեցի, որ գործից որևէ փաստաթուղթ չէր պակասել։ Ավելին՝ այնտեղ էր կարվել նաև իմ 2003թ զեկուցագիրը։

Ըստ արխիվային գործի տվյալների, 1936թ. սեպտեմբերի 9-ին Տիգրան Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել, որ 1927թ. հարել է տրոցկիզմին, քվեարկել է տրոցկիստական պլատֆորմի օգտին, հետագայում թաքցրել է կուսակցությունից և շարունակել է տրոցկիստական հակահեղափոխական գործունեությունը[19] (ՀԱՎԵԼՎԱԾ Բ):

Նույն օրն էլ ձերբակալվել է և պահվել Երևանի ներքին բանտում: Քննությունն ավարտվել է հոկտեմբերի 17-ին և կազմվել է համապատասխան արձանագրություն: Իրեն ներկայացված արձանագրությանը Տիգրան Ոսկանյանը հավելել է, որ երբևէ չի անդամակցել որևէ տրոցկիստական կազմակերպության, չի քվեարկել տրոցկիստական պլատֆորմի օգտին և տրոցկիստ չի եղել, ուրիշ բան ավելացնել չի ուզում:   

Գործի նյութերից հստակ երևում է, որ Տիգրան Ոսկանյանին առաջադրվել են զանազան մեղադրանքներ՝ հակահեղափոխական, տրոցկիստական գործունեությունից, մինչև զենք և զինամթերք պահելը, դաշնակցականների հետ կապը, սակայն դրանցից ոչ մեկն էլ չի հաստատվել, ոչ քննությամբ, ոչ վկաների կողմից: Մեղադրական եզրակացությունը կազմվել է 1936թ. հոկտեմբերի 21-ին, ուր նշվել է, որ գործով իրեղեն ապացույցներ չեն հայտնաբերվել:

Այնուամենայնիվ 1936թ. նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ ՆԳԺԿ կից հատուկ խորհրդակցությունը հակահեղափոխական, տրոցկիստական գործունեության համար ՀԽՍՀ Քրեական օրենսգրքի 67 հոդվածով Տիգրան Ոսկանյանին դատապարտել է հինգ տարվա ուղղիչ աշխատանքների: Դեկտեմբերի 3-ին որոշվել է նրան առաջիկա էտապով ուղարկել Վլադիվոստոկ, հետագայում Կոլիմա ուղարկելու նպատակով:

Գործում առկա է տեղեկանք, որ Տիգրան Ոսկանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, փորձել է թյուրիմացության մեջ գցել և շեղել քննությունը, թաքցնելով «ճշմարտությունը»: Դատապարտյալ Տիգրան Ոսկանյանի բնութագրում նշվել է, որ «հավաքագրման ենթակա չէ»[20]:

Հեռավոր հյուսիսում պատիժը կրելու ժամանակ 1938թ. ապրիլի 23-ին “Դալստրոյի” ՆԳԺԿ վարչության եռյակի որոշմամբ Տիգրան Ոսկանյանը դատապարտվել է մահապատժի բանտարկյալների ապստամբություն հրահրելու մեղադրանքով, գնդակահարվել է 1938թ. մայիսի 20-ին: Տիգրան Ոսկանյանը գնդակահարության է դատապարտվել երկու կալանավորի զրպարտության արդյունքում: Գործի նյութերից պարզ է դառնում, որ այդ կալանավորների ստանդարտ մեղադրանքների զոհ են դարձել բազմաթիվ անմեղ մարդիկ: Կալանավայրում էլ մատնիչները շարունակել են իրենց սև գործը, վայելելով ղեկավարության հովանավորությունը ինչը նրանց օգնել է գոյատևել դժնդակ պայմաններում:   

Նրա գնդակահարության մասին ընտանիքին չի տեղեկացվել, ավելին անվտանգության տեղական մարմիններն անպատասխան են թողել ձերբակալվածի ճակատագրի մասին տատիկիս բոլոր հարցումները, ի վերջո հաղորդվել է, որ Տիգրան Ոսկանյանը վախճանվել է 1947թ. աքսորավայրում, սիրտ անոթային անբավարարությունից:

1957թ. հունիսի 12-ին ՀՍՍՌ Գերագույն Դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան որոշել է Տիգրան Եփրեմի Ոսկանյանի վերաբերյալ ՍՍՌՄ ՆԳԺԿ-ին կից հատուկ խորհրդակցության 1936թ. նոյեմբերի 28-ի որոշումը բեկանել և գործը կարճել՝ մեղադրանքի ապացուցված չլինելու պատճառով[21]:

Համապատասխան քաղվածք-տեղեկանք է տրվել Տիգրան Ոսկանյանի ընտանիքին[22]:  Արդարացումից հետո տատիկիս տրվել է պապիկիս երկու ամսվա աշխատավարձը և համարել, որ ամեն ինչ վերջացած է։

Տիգրան Ոսկանյանը, արդարացվել է ևս մեկ անգամ, ավելի ուշ՝ 1989թ. օգոստոսի 9-ին: Նրա արդարացման մասին փոքրիկ հաղորդագրություն է տեղ գտել Ռուսաստանի Դաշնության Մագադանի մարզի «Հիշողության գրքում»[23], ինչպես նաև «Մեր ետևից նավեր կգան» փաստագրական ժողովածուի համապատասխան բաժնում:

ՎԵՐՋԱԲԱՆ

1990-ական թթ․ ԽՍՀՄ քաղաքական բռնաճնշումների ուսումնասիրությունը որոշակիորեն աշխուժացավ Ռուսաստանի Դաշնությունում: 1987-1989թթ․ ընթացքում ձևավորվեց և 1992թ․ գրանցվեց «Մեմորիալ» հասարակական կազմակերպությունը[24], որի նպատակն էր ուսումնասիրել քաղաքական բռնաճնշումները ԽՍՀՄ-ում և ժամանակակից Ռուսաստանում (2022թ․ դեկտեմբերին լուծարվել է ՌԴ Գերագույն դատարանի որոշմամբ[25])։  Քաղաքական բռնությունների զոհերի արդարացման նպատակով 1991թ․-ին ՌԴ նախագահին կից ստեղծվեց հանձնաժողով, որը 1993-ին գրանցվեց որպես «Դեմոկրատիա» հիմնադրամ։[26] Վերոհիշյալ կազմակերպությունները հիրավի հսկայական աշխատանք իրականացրին բռնությունների ուսումնասիրման ուղղությամբ։

ԽՍՀՄ քաղաքական ռեժիմին, հատկապես նրա ստալինյան շրջանին հստակ գնահատականներ են տրվել մի շարք միջազգային կառույցների կողմից՝ հիմնականում որոշակի բանաձեւերի միջոցով։ Մասնավորապես, ԵԱՀԿ ԽՎ-ի «Բաժանված Եվրոպայի վերամիավորումը» 2009թ. ընդունված բանաձեւում նշվում է, որ նացիստական եւ ստալինյան ռեժիմները իրականացրել են ցեղասպանություն, մարդու իրավունքների ոտնահարում, մարդկության դեմ հանցագործություններ։ Բանաձեւում նշվում է, որ պատմության իմացությունը օգնում է խուսափել ապագայում նման հանցագործությունների կրկնությունից։ Նույն բանաձևում անդամ պետություններին կոչ է արվում շարունակել տոտալիտար ժառանգության ուսումնասիրությունը, մշակել և կատարելագործել ուսումնական ձեռնարկներ տոտալիտարիզմի պատմության վերաբերյալ, իրականացնել միջոցառումներ, հատկապես, երիտասարդ սերնդի համար, բարձրացնել հանրության տեղեկացվածությունը տոտալիտարիզմի վերաբերյալ։ Բանաձևում կառավարություններին նաև կոչ է արվում հրաժարվել տոտալիտար անցյալը գեղեցկացնելու, նրան վերադառնալու փորձ կատարելու վարքից։ Իսկ Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1481 (2006) բանաձևում, որը նվիրված է կոմունիստական տոտալիտար ռեժիմների հանցագործությունները դատապարտելու անհրաժեշտության խնդրին, նաև կոչ է արվում կունիստական կամ հետկոմունիստական կուսակցություններին վերագնահատել կոմունիզմի պատմությունը, սեփական անցյալը[27]։

Խորհրդային-ամբողջատիրական վարչակարգի փլուզումից հետո 1990-ա – կաններին հետխորհրդային տարածքում սկսվեց մի շարժում՝ վերանայելու և գնահատելու նախընթաց պատմության առավել մութ, ցավոտ էջերը, որը, սակայն, իր ավարտին չհասավ քաղաքական հանգամանքների փոփոխության պատճառով: Բայց գիտության բարոյականությունը այսօր ևս պահանջում է տարիների հեռվից բացահայտել, քննել ու գնահատել ԽՍՀՄ-ում, այդ թվում Խորհրդային Հայաստանում կատարված քաղաքական բռնաճնշում­ները։ Կարևոր է հատկապես 1937 թվականի՝ Մեծ տեռորը խորհրդանշող քաղաքական բռնաճնշումների բարձրակետի իրական պատճառները, կատարման մեթոդաբանությունը։[28]

Հրապարակվեց հսկայածավալ նյութ, սակայն դրանցում հիմնականում բացակայում է «հայկական հետքը», ինչը պայմանավորված է նաև վերը հիշատակված հանգամանքներով։ Այս առումով բավական բարդ է դառնում ԽՍՀՄ քաղաքական բռնություններում «հայկական թեման» հետազոտողների խնդիրը։ Անհրաժեշտություն է առաջանում քաղաքական բռնությունների «հայկական մասն» ինտեգրել ընդհանուրի համատեքստում, իսկ մյուս կողմից նաև՝ ընդհանուրի մեջ մասնավորեցնել «հայկական առանձնահատկությունները»[29]։

ՀԱՎԵԼՎԱԾ Ա

ՍՍՌՄ Մինիստրների Սովետի

ՈՐՈՇՈՒՄ

29 մայիսի 1949 թվական

№ 2214-856սս

Մոսկվա, Կրեմլ

Վրացական, Հայկական և Ադրբեջանական ՍՍՌ-ների տարածքներից, ինչպես նաև Սև ծովի Մերձափնյա շրջանից աքսորվածների տեղափոխման, տարաբնակեցման և աշխատանքային տեղավորման ապահովման մասին[30]

ՍՍՌՄ պետական անվտանգության Մինիստրության կողմից իրականացվող` Վրացական ՍՍՌ-ից, Ադրբեջանական ՍՍՌ-ից, Հայկական ՍՍՌ-ից և Սևծովյան մերձափնյա շրջանից դաշնակների, թուրքական քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող թուրքերի, սովետական քաղաքացիության ընդունած նախկին թուրքական քաղաքացիների, ներկայումս քաղաքացիություն չունեցող հունահպատակների և սովետական քաղաքացիություն ընդունած նախկին հունահպատակների աքսորի հետ կապված ՍՍՌՄ Ներքին գործերի Մինիստրության վրա դրված է աքսորվողների ուղեկցորդումը, երկաթգծով տեղափոխումը, աշխատանքի տեղավորումը և հատուկ բնակավայրերում տարաբնակեցվածների հսկողությունը:

Աքսորվածների տեղափոխումը, ուղեկցորդումը, տարաբնակեցումը և աշխատանքի տեղավորումն ապահովելու նպատակով ՍՍՌՄ Մինիստրների Սովետը

ՈՐՈՇՈՒՄ Է՝

ՍՍՌՄ Ներքին գործերի մինիստրությանը (ընկ. Կրուգլովին) պարտավորեցնել աքսորվող դաշնակներին տարաբնակեցնել Ալթայի երկրամասում, թուրքական քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող թուրքերին սովետական քաղաքացիություն ընդունած նախկին թուրքական քաղաքացիներին` Տոմսկի մարզում, հունահպատակներին, ներկայումս քաղաքացիություն չունեցող նախկին հունահպատակներին և սովետական քաղաքացիություն ընդունած նախկին հունահպատակներին` Ղազախական ՍՍՌ-ի Հարավ-Ղազախական և Ջամբուլի մարզեր, ապահովելով աքսորվողների ուղեկցորդումը, տեղափոխումը երկաթուղով և ջրային ուղիներով, հսկողությունը նրանց վրա բնակության վայրերում բացառելով փախուստների հնարավորությունը, ինչպես նաև նրանց աշխատանքի տեղավորումը:

  1. Պարտավորեցնել հաղորդակցության ուղիների Մինիստրությանը (ընկ. Բեշչևին) ՍՍՌՄ Ներքին գործերի Մինիստրության հայտով տրամադրել անհրաժեշտ քանակությամբ երկաթուղային վագոններ` հարմարեցված մարդկային փոխադրումների համար, և ապահովել աքսորվածների էշելոնների ուղարկումը մինչև նշանակման վայրեր ռազմականների իրավունքով: Էշելոններն ուղարկել Ալթայի երկրամասի, Տոմսկի, Ջամբուլի և Հարավ -Ղազախստանյան մարզերի ՆԳՄՎ-ների տրամադրության տակ, կայարաններում նրանց դատարկումը կատարելով ՆԳՄՎ պլաններին համապատասխան, համաձայնեցված երկաթգծերի վարչությունների ղեկավարության հետ:
  2. Պարտավորեցնել ՍՍՌՄ ֆինանսների Մինիստրությանը (ընկ. Զվերևին) հատկացնել.

ա) ՍՍՌՄ Ներքին գործերի մինիստրությանը լրացուցիչ միջոցներ 1949 թվականին միութենական բյուջեի հաշվին հատուկ պարետատների պահպանման համար, ինչպես նաև միջոցներ աքսորվողների երկաթուղային և ջրային փոխադրումների, տեղափխման ընթացքում սննդի, բուժսպասարկման ծախսերի վճարման համար մեկ մարդուն օրական 5ռուբլի 50 կոպեկ հաշվարկով:

բ) Ալթայի երկգործկոմի, Հարավ- Ղազախստանյան, Ջամբուլի և Տոմսկի մարզգործկոմների հայտերով անհրաժեշտ միջոցներ աքսորվածներին բեռնաթափման երկաթգծի կայարաններից և նավակայաններից մինչև տարաբնակեցման վայրեր տեղափոխելու ծախսերի համար, ինչպես նաև նոր տների կառուցման և անասունների ձեռք բերման համար դրամական փոխատվություններ:

  1. Պարտավորեցնել ՍՍՌՄ Պետմատին (ընկ. Կագանովիչին) տրամադրել, իսկ նավթային արդյունաբերության Մինիստրությանը (ընկ. Բայբակովին) Ալթայի երկգործկոմի, Հարավ-Ղազախստանյան, Ջամբուլի և Տոմսկի մարզգործկոմների հայտերով մատակարարել անհրաժեշտ քանակության ավտոբենզին, տեղափոխելու համար աքսորվածներին բեռնաթափման երկաթուղային կայարաններից և նավակայաններից մինչև նրանց տարաբնակեցման վայրերը :
  2. Պարտավորեցնել գետային նավատորմի Մինիստրությանը (ընկ. Շաշկովին) ՍՍՌՄ ներքին գործերի Մինիստրության հայտով տրամադրել անհրաժեշտ քանակության նավարկության միջոցներ, հարմարեցված մարդկանց տեղափոխելու համար, ապահովել աքսորվողների էշելոնների տեղաշարժը մինչև նշանակման վայրեր ռազմականի իրավունքով:
  3. Երկաթգծով և ջրային ճանապարհով աքսորվողների տեղափոխման հաշվարկները կատարել կալանավորների տեղափոխման համար սահմանված տարիֆով:
  4. Պարտավորեցնել ՍՍՌՄ առևտրի Մինիստրությանը (ընկ. Ժավորոնկովին) կազմակերպել երկաթգծային բուֆետների միջոցովտաք սննդի հանձնում աքսորվողների անցնող էշելոններին, համապատասխան էշելոնների շարժման չվացուցակին, էշելոնի պետի հետ կանխիկ վճարով:
  5. Պարտավորեցնել ՍՍՌՄ առողջապահության Մինիստրությանը(ընկ. Սմիռնովին) ՍՍՌՄ Ներքին գործերի Մինիստրության հայտերով աքսորվողների յուրաքանչյուր էշելոնին հատկացնել մեկական բժիշկ և երկուական բուժքույր, անհրաժեշտ քանակության դեղերով և վիրակապության միջոցներով ընթացուղիում աքսորվողներին բժշկական օգնություն ցույց տալու համար:
  6. Պարտավորեցնել Ալթայի երկգործկոմին, Հարավ- Ղազախստանյան, Ջամբուլի և Տոմսկի մարզգործկոմներին.

ա) ապահովել աքսորականների տեղափոխումը բեռնաթափման երկաթուղային կայարաններից և նավակայաններից մինչև նրանց տարաբնակեցման վայրեր` հիմնարկություններին, ձեռնարկություններին, սովխոզներին և կոլխոզներին պատկանող, անհրաժեշտ քանակության ավտոմոբիլային և սայլային տրանսպորտ մոբլիզացնելու միջոցով, այդ տրանսպորտի համար վճարելով տեղական տարիֆներով, սույն Որոշման 3 և 4 կետերին համապատասխան հատկացվող գումարների և ավտոբենզինի հաշվին;

բ) օժանդակություն ցույց տալ ՍՍՌՄ Ներքին գործերի Մինիստրությանը աքսորվողների տարաբնակեցման և տնտեսա-կենցաղային կարգավորման գործում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կազմակերպել հաշմանդամների և տարեցների տներ` եկող

աքսորականների թվում եղած միայնակ հաշմանդամների և տարեցներին տեղավորելու համար:

ՍՍՌ Միության Մինիստրների Սովետի Նախագահ

Ի. Ստալին

ՍՍՌ Միության Մինիստրների Սովետի գործերի կառավարիչ

Մ. Պոմազնև

ՀԱՎԵԼՎԱԾ  Բ


[1] Էդգար Վարդանյան, Արդարացումից դատապարտում, Երևան 2018, էջ 5։

[2] Նույն տեղում, էջ-3

[3] https://www.arlis.am/documentview.aspx?docid=35463

[4] Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում, հիշողություն, պատմություն, առօրյա, Երևան 2015, էջ-12

[5] Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում, պատմություն, հիշողություն, առօրյա, Երևան 2015, էջ-14

[6] Քաղաքական բռնաճնշումները Խորհրդային Հայաստանում 1920-1950 թթ․-ին․ «Ժամանակի վկան», 22․01․2022թ․ ՀՀ Ռադիո, հեղ․ Գոհար Ալեքսանյան

[7] Всероссийская чрезвычайная комиссия․ ЧК Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո 1917թ․ դեկտեմբերի 20-ին ձևավորված ուժային կառույց՝ արտակարգ հանձնաժողով, որի նպատակն էր պաշտպանել  բոլշևիկյան իշխանությունը, գործել է ԽՍՀՄ տարիներին տարբեր անվանումներով՝ ЧК, ГПУ при НКВД РСФСР (1922—1923), ОГПУ (1923—1934), НКВД — НКГБ СССР (1934—1943), МГБ СССР (1943—1953), КГБ СССР (1954—1991)։ Համապատասխան մարմիններ գործել են նաև ՀԽՍՀ-ում։

[8] ՆԳԺԿ-Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ-ԽՍՀՄ հիմնական իրավապահ, ուժային կառույցը, գործել է 1917-1946թթ․

[9] Ա․ Հակոբյան, նշվ․ աշխատություն, էջ 6։

[10] Հ․ Մարության, Հայ ինքնության պատկերագրություն։ Հ 1․ Ցեղասպանության հիշողությունը և Ղարաբաղյան շարժումը, Երևան 2009, էջ 23։

[11] https://www.poslednyadres.ru/

[12] https://bessmertnybarak.ru/

[13] Ա․ Մանուկյան, նշվ աշխ․ էջ 258։

[14]Депортация армян 14 июня 1949 года: сборник документов и материалов / Сост. Н.Н. Аблажей; Отв. ред. Н.Н. Аблажей, Г. Харатян. – Новосибирск: Наука, 2016. – 230 с

[15] https://totalitaries.hazarashen.am/?page_id=4336

[16] https://armenpress.am/arm/news/1105805.html

[17]https://brnadatvatsner.wordpress.com/category/%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ae/

[18]https://sedamargaryan.wordpress.com/category/%d5%b0%d5%a5%d5%bf%d5%a1%d5%a6%d5%b8%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84/

[19] Հայաստանի Ազգային արխիվ, ֆոնդ 1191, ցուցակ 4, գործ 1389, թ. 2

[20] Նույն տեղում, թ. 3. 12, 65, 72

[21] Նույն տեղում, թ. 99

[22] Նույն տեղում, թ. 108

[23] www.memo.ru/memory/magadan/index/htm

[24] https://www.memo.ru/ru-ru/memorial/history/

[25] https://sudact.ru/vsrf/doc/BfZ2W2ytfxgx/

[26] https://www.alexanderyakovlev.org/fond

[27] Резолюция ПА ОБСЕ «Воссоединение разделенной Европы, https://www.svoboda.org/a/1768840.html,

[28] Արարատ Հակոբյան, 1937թ․ Հայաստանում, ՎԷՄ համահայկական հանդես, ԺԵ տարի, թիվ 3, հուլիս-սեպտեմբեր 2017թ․ հավելված էջ-1

[29] Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում, պատմություն, հիշողություն, առօրյա, Երևան 2015, էջ-14

[30] https://www.alexanderyakovlev.org/fond/issues-doc/1022942 (թարգմանությունը Մ․Սեբաստացի կրթահամալիրի 2017թ․ 12-րդ դասարանի սովորող Տիգրան Արզումանյանի)

Posted in Վերապատրաստում

ԱՄՓՈՓՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Ս․թ․ օգոստոսի 21-ից հոկտեմբերի 27 մասնակցեցի “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի Վերապատրաստման կենտրոնի կողմից կազմակերպված Ուսուցիչների պարտադիր ատեստավորման վերապատրաստման դասընթացին։

Վերապատրաստումը անցել է բազմաբովանդակ, արդյունավետ և հագեցած։

Յուրաքանչյուր վերապատրաստող մասնագետ մանրամասն ներկայացնում էր առաջադրանքները, ներկայացվող նյութը: Վերապատրաստման ընթացքում հարց ու պատասխանի միջոցով սպառիչ պատասխան էին ստանում մեր բոլոր հարցերը, կարդում էինք, քննարկում կրթությանը վերաբերող օրենքներ, կարգեր, մակավարժական պատումներ, մեթոդական հոդվածներ։ Երկամսյա վերապատրաստման ընթացքում հնարավորություն ունեցանք կարդալու, ծանոթանալու, քննարկելու կրթությանը վերաբերող մի շարք օրենքներ, կարգեր, որոշումներ։

Հետաքրքիր և կարևոր էր նեղ մասնագիտական խմբով հանդիպումները։ Վերապատրաստումը շատ արդյունավետ էր և հագեցած քննարկումներով:Հետաքրքիր էր լսել տարբեր վերապատրաստվող մասնագետների կարծիքները։ Հետաքրքիր էր լսել և բանավիճել այլ դպրոցներում դասավանդող ուսուցիչների հետ, որոնք ունեն բավականին տարբերվող հայացքներ։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել վերապատրաստող մասնագետներին , ովքեր բավականին մատչելի և հետաքրքիր ձևով ներկայացրեցին թեմաները։ 

Հետազոտական աշխատանք

Posted in Վերապատրաստում, Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում 21,08-27,10,2023թ․

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ 21․08․2023-27․10․2023

Պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման բաժին․2023-2024 ուստարի

Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքներ

ОпубликовалԼուսինե ՓաշայանОпубликовано в2023

Ժամաքանակը՝ 5 ժամ

Կրեդիտների քանակը՝ 3

Վերապատրաստվողների ընտրած թեմաները՝ այստեղ:

Հետազոտական աշխատանքը մանկավարժական, մեթոդական, գիտական որևէ թեմայի, հիմնախնդրի հետազոտումն է, մանկավարժական սեփական փորձի, նորարարության, բացահայտումների, մշակած մեթոդաբանության ներկայացումը:

Ուսումնական գործընթացում՝ տարբեր նախագծեր, նյութեր ուսումնասիրելիս՝ սովորողի հետազոտական աշխատանքը, սովորողի՝ հետազոտական աշխատանք իրականացնելու խթանումը, դրա կազմակերպումն ուսուցչի համար կոնկրետ աշխատանք է։ Անհրաժեշտ է, որ դասավանդողն ինքն առանձնացնի սկզբունքներ, որոնց իրականացումն էլ կդառնա կոնկրետ ուսուցում և սովորողի, սովորողների խմբի աշխատանքը ընդունելու, գնահատելու հիմք։ Կարևոր է․

1. Թեմայի ընտրությունը, ընտրության հիմնավորումը (որքանով է արդիական, ինչպես է ազդելու աշխատանքի, սովորողների վրա, ինչպես է զարգանալու)

2. Աշխատանքը նախագծելու կարողությունը

3. Աշխատանին ներկայացվող պահանջների սահմանումը

4. Աշխատանքը գնահատելու գործիքները

Հետազոտական աշխատանքի կառուցվածքը

  1. Տիտղոսաթերթ
  2. ներածություն (աշխատանքի ծավալի 10-15%-ը)։ Ներածությունում հիմնավորվում է ընտրված թեմայի կամ հիմնախնդրի կարևորությունը, նորարարությունը, մանկավարժական նոր մեթոդաբանության կիրառումը, արդյունավետությունը:
  3. հիմնական մաս (աշխատանքի ծավալի 70-80%-ը, կարող է բաժանվել ցանկացած քանակությամբ հատվածների, ենթաբաժինների)
  4. ամփոփում (աշխատանքի ծավալի 10-15%-ը):

Տեխնիկական պահանջներ

  1. Աշխատանքը տպագիր է, 15-20 էջի սահմանում: Տառատեսակը՝ unicode, տառաչափը՝ 12, տողերի միջակայքը՝ 1, 5:
  2. Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմերից (Aligument: Justify): Պարբերությունները անհրաժեշտ է սկսել 1սմ․ խորքից՝ TAB-ի կիրառմամբ։
  3. Հղումները պարտադիր  տրվում են տողատակում՝ 8pt տառաչափով։ Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (Aligument: Justify): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով Bold), այնուհետ՝ աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած գրականության էջը։

Այլ պահանջներ․

  1. Պարտադիր է նշել օգտագործած, փոխառնված աղբյուրները։
  2. Օտարալեզու աղբյուրների օգտագործումը խրախուսվում է։
  3. Աղբյուրների տեսակները` էլեկտրոնային և տպագիր աղբյուրներ, որոնցից ոչ մեկը չի կարող գերազանցել օգտագործված աղբյուրների քանակի 2/3-ը: Խրախուսվում է բանավոր աղբյուրների օգտագործումը, եթե ընտրված թեման կամ հիմնախնդիրը տալիս են այդ հնարավորությունը: Բանավոր աղբյուրների քանակը չի սահմանվում և դրանց օգտագործման դեպքում այլ աղբյուրների նվազագույն քանակը չի փոփոխվում։
Posted in Վերապատրաստում

Քառօրյա վերապատրաստում 20-23 հուլիսի

Օր առաջին 20 հուլիսի

Հուլիսի 20-ին, ժամը՝ 10:00-ին տեղի ունեցավ Բլոգային-նախագծային վերապատրաստում դասընթացի մասնակիցների առաջին հանդիպումը <<Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի>> մայր դպրոցի <<Տիգրան Հայրապետյան>> ընթերցասրահում։ Վերապատրաստման հեղինակ Սոնա Փափազյանի ուղեկցությամբ, մասնակիցները շրջեցին կրթահամալիրում, ծանոթացան մասնաշենքերի տեղակայմանը, այցելեցին ուսումնական ագարակ։ Սոնա Փափազյանը ներկայացրեց կրթահամալիրում իրականացվող այլընտրանքային կրթական ծրագրերը, դրանց հիմնական ուղղությունները։

Continue reading “Քառօրյա վերապատրաստում 20-23 հուլիսի”